January 17

Հայկական գորգերի մասին

Հայերենում գորգ և կարպետ բառերն օգտագործվում են որպես հոմանիշ բառեր՝ միայն այն տարբերությամբ, որ գորգերն ունենում են թելախավ, իսկ կարպետները՝ ոչ։ Գորգ բառն առաջին անգամ հիշատակվում է Տավուշի Կապտավանք եկեղեցու պատին եղած արձանագրություններից մեկում (1242-1243 թվականներին), իսկ կարպետ բառն առաջին անգամ հիշատակվում է 5-րդ դարի Ավետարանում՝ գրաբարյան «կապերտ» ձևով։

Հայաստանում գորգագործությունը՝ իբրև արհեստ զարգացած է եղել դեռևս վաղնջական ժամանակներից։ Այս մասին են վկայում Արենի 1 քարայրում գտնված գործվածքները, մ. թ. ա. 5-րդ դարի թվագրվող պազիրիկ գորգը, ինչպես նաև հայկական գորգարվեստի մասին մի շարք պատմաբանների կողմից պահպանված հիշատակություններ։ Պատմական Հայաստանում գորգերն ու կարպետները համարվում էին առաջին անհրաժեշտության իրեր։ Դրանք փռում էին հատակին, կախում պատերից և գործածում որպես ծածկոց։ Գրեթե բոլոր բնակավայրերում գործում էին կարպետներ՝ քիլիմներ, ծածկոցներ, վարագույրներ, թամբեր, խուրջիններ, վերմակներ, աղի տոպրակներ, ձիու ծածկոցներ և գորգեր։ Այս արհեստն այնքան սերտ էր կապված առօրյա կյանքի հետ, որ այն իմանալը պարտադիր էր։ Գորգը նաև հայ աղջիկների օժիտի անբաժանելի մասն էր, ուստի վաղ հասակից նրանք սովորում էին այս արհեստն ու գործում իրենց օժիտի գորգերը։

Հայոց գորգերի տիպաբանության մեջ որպես տիպերի անվանումներ ընդունված են՝ այն տարածաշրջանի կամ բնակավայրի անվանումը, որին առավել բնորոշ է տվյալ տիպը, գորգադաշտի երկրաչափական ձևի անվանումը կամ գեղազարդման համակարգի թեմատիկ ուղղվածության կամ հիմնական հորինվածքի անունը։

Գորգագործական արվեստն իր ողջ պատմության ընթացքում մեծապես տուժել է արշավանքների, պատերազմների և հարևան տերությունների կողմից վարվող նվաճողական քաղաքականությունից։ Ցեղասպանության ընթացքում բազմաթիվ գորգեր կորսվել են՝ եկեղեցիները ոչնչացնելու կամ կողոպտելու պատճառով։

Հայկական գորգարվեստը Խորհրդային շրջանում տարածում է գտել նաև Եվրոպայի մի շարք անկյուններում։ Այսպես, 19-րդ դարի վերջին մի շարք հայ գորգագործներ հաստատվեցին Տրանսիլվանիայի Ղերլա քաղաքում և այդտեղ սկսեցին պատրաստել ու վերականգնել գորգեր։ 1915 թվականին Ցեղասպանությունից հետո մեծ քանակությամբ հայեր կրկին հաստատվել են Ռումինիայում։ Այսպիսով, երկրում ստեղծվել են բազմաթիվ արհեստանոցներ, իսկ 1950-ականներից սկսած՝ նաև գործարաններ։

Ներկայումս գորգագործության կենտրոններ են շարունակում մնալ Սյունիքն ու Արցախը։ Հատկանշական է, որ 2013 թվականին Շուշիում բացվեց Հայաստանի և Արցախի տարածքում գործող միակ գորգերի թանգարանը։ Հայաստանում և արտերկրում գոյություն ունեցող թանգարաններից բացի, հայկական գորգերը պահվում են անհատական հավաքածուներում, որոնց թիվը, ցավոք, հայտնի չէ։


Posted January 17, 2024 by harutmkrtchyan in category ճամբար

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*